Рубрика: Էկոլոգիա

Ժողովրդագրական հիմնախնդիրը աշխարհում 

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն։ Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը։

Խնդրի էությունը

Ներկայումս աշխարհի բնակչությունը արագորեն աճում է։ Եթե նախկինում բնության նկատմամբ մեծ կախվածության պատճառով աշխարհի բնակչությունը դանդաղորեն էր աճում, ապա այժմ կապված առողջապահության զարգացման հետ մեծացել է մարդկանց կյանքի միջին տևողությունը։ Եթե մեր թվարկության սկզբին աշխարհի բնակչությունը կազմում էր մոտ 250 միլիոն մարդ, ապա 2000 թվականին այն հասավ 6 միլիարդի, իսկ այժմ այն կազմում է ավելի քան 7 միլիարդ մարդ։

Մասնագետների մեծ մասը գտնում են, որ հիմնական խնդիրը կապված է ժողովրդագրական պայթյունի հետ, որի լուծումը էականորեն կմեղմի ստեղծված իրավիճակը։ Իսկ դրան հասնելու համար կարևոր են ժողովրդագրական կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները։

Մինչև 2025 թվականի ժողովրդագրական կանխատեսումը հասցրել է արդեն մի քանի անգամ փոփոխվել։ 1990-ական թվականներին ՄԱԿ-ի փորձագետները գտնում էին, որ աշխարհի բնակչությունը 2010 թվականին կհասնի 7,2 միլիարդի, 2020-ին՝ 8 միլիարդ, իսկ 2025-ին՝ 8,5 միլիարդի։ Այս տվյալները հնչել են Ռիո դե Ժանեյրոյի վեհաժողովում։ Սակայն կապված բնակչության աճի տեմպերի էական նվազման հետ այս թվերը փոխվեցին, 2025 թվականի համար այն նվազեց մինչև 7,8 միլիարդ մարդու։ Այս առումով հետաքրքիր է նաև բնակչության աճի կանխատեսումները զարգացող և զարգացած երկրներում։ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ («ոսկյա միլիարդ»), իսկ զարգացող երկրներում նույն ժամանակահատվածում սպասվում է բնակչության 2 միլիարդ աճ, որով բնակչության թիվը կկազմի 6,6 միլիարդ մարդ։

Մինչև 2050 թվականի համար ժողովրդագրական կանխատեսումը ենթադրում է, որ աշխարհի բնակչությունը կհասնի 8,9 միլիարդ մարդու։ Ըստ խոշոր տարածաջրջանների՝ բնակչության տեղաբաշխումը կունենա հետևյալ պատկերը. Ասիա՝ 5,2 միլիարդ, Աֆրիկա՝ 1,8 միլիարդ, Լատինական Ամերիկա՝ 770 միլիոն, Եվրոպա՝ մոտ 650 միլիոն, Հյուսիսային Ամերիկա՝ 450 միլիոն և Ավստրալիա ու Օվկիանիա՝ 45 միլիոն մարդ ։

Հայաստանի Հանրապետության համար բոլոր երկարաժամկետ կանխատեսումները հիմնվում են բնակչության շարունակական նվազման վրա։

Առաջարկվող լուծումներ

Հիմնախնդրի կարևորության մեծ նշանակություն ունեցան ՄԱԿ-ի կողմից անցկացված Համաշխարհային երեք կոնֆերանսները, որոնք տեղի ունեցան Բուխարեստում՝ 1974 թվականին, Մեխիկոյում՝ 1984 թվականին և Կահիրեում՝ 1994 թվականին։ Բուխարեստում կայացած կոնֆերանսում ընդունվեց «Ազգաբնակչության ոլորտում գործողությունների համաշխարհային պլան»-ը։ Ըստ որի ազգաբնակչության քաղաքականության մեջ պետք է ներդրվի սոցիալ-տնտեսական բարեփոխումները։ Այն հաստատվեց նաև Մեխիկոյի կոնֆերանսում։ Կահիրեի կոնֆերանսին մասնակցում էին 179 պետությունների ներկայացուցիչներ, բացի կառավարական ներկայացուցիչներից կոնֆերանսին մասնակցում էին նաև 133 պետություններից հրավիրված 1500 ոչ կառավարական կազմակերպություններ։ Ընդունվեց «Ազգաբնակչության ոլորտում գործողությունների ծրագիրը»։ Ծրագրում ներկայացված էր ազգաբնակչության հիմնախնդիրը, փոխադարձ կապը բնակչության աճի և տնտեսության զարգացման միջև։

Բացի միջազգային կոնֆերանսներից իրականացվում են նաև ազգաբնակչության հիմնախնդիրների հետ կապված այլ միջազգային միջոցառումներ։ Օրինակ՝ 1989 թվականին Ամստերդամում կայացած «Ազգաբնակչությունը 21-րդ դարում» միջազգային ֆորումը, որտեղ հիմնականում քննարկվեց Կահիրեի կոնֆերանսում ընդունված ծրագրի իրականացման հարցերը։ 1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրին նվիրված կոնֆերանսում ևս քննարկվեց ազգաբնակչության քաղաքականության հետ կապված հարցեր։ Նշվեց, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է որոշի և կազմի ժողովրդագրական ծրագրերը՝ հիմնվելով անընդհատ աճող բնակչության կենսաապահովության հնարավորություններից։

Մասնագետների մեծամասնության կարծիքով հիմնախնդրի լուծման հիմնական ուղին բնակչության վերարտադրության կարգավորումն է՝ ծնելիության նվազման ճանապարհով։ Այդ պատճառով էլ պետությունները վարում են ակտիվ ժողովրդագրական քաղաքականություն։ Այն էականորեն տարբեր է զարգացած և զարգացող պետություններում։ Եթե զարգացող պետություններում հիմնական նպատակը ծնելիության նվազումն է, ապա զարգացած պետություններում ընդհակառակը խրախուսվում է ծնելությունը, քանի որ այս պետություններում դիտվում է բնակչության դեպոպուլացիա այսինքն՝ նվազում։

Ժողովրդագրական քաղաքականությունը հիմնականում տարվում է երեք ուղղություններով՝ տնտեսական, վարչաիրավական և դաստիարակչական ու քարոզչական։ Այս առումով կիրառվում են բազմաթիվ միջոցներ, ինչպես օրինակ տարբեր նպաստներ, զեղչեր, արտոնություններ, օրենսդրական ակտեր (ամուսնական տարիքի, ամուսնալուծությունների, հղիության ընդհատման, հակաբեղմնավորիչների օգտագործման, աշխատող կանանց աշխատանաքային ռեժիմի իրավական կարգավորումներ և այլն), ժողովրդավարական վարքի նորմերի ձևավորում, ընտանիքի պլանավորման քաղաքականություն, սեռական դաստիարակություն, կրթություն և այլն։

Հիմք ընդունելով այն, որ ծնելիության մակարդակը սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացման հետ՝ կարևոր լուծման ուղի է համարվում նաև պետության տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացումը։ Սա համարվում է հիմախնդրի լուծման ինտենսիվ ուղի, որին հասնելը բավական մեծ միջոցներ և ջանքեր է պահանջում։