Рубрика: Ճամփորդություններ

Թռչենք Թռչկան, թրջվենք Թռչկանում

«Թռչենք Թռչկան, թրջվենք Թռչկանում» — հենց այսպիսի տրամադրվածությամբ էլ ուղևորվեցինք։ Համացանցի նկարները և մեր ուսումնասիրությունները ոչինչ դարձան, երբ տեսանք Թռչկանի իրական պատկերը։

Առավոտյան Մայր դպրոցից ուղևորվեցինք ։ Ճամփորդության ամենահետաքրքիր պահերից է ավտոբուսի մեջ երկար ճանապարհ գնալը, քանի որ շրջապատում՝ ընկերների հետ անհնար է հաճույք չստանալ։ Ճամփորդությունների ամենակարևոր առավելություններից եմ համարում այն, որ ճամփորդում ենք ոչ միայն դասարանով, այլև դպրոցի բոլոր սեբաստացիներով։ Դա թույլ է տալիս ձեռք բերել նոր ծանոթություններ, ավելի մտերմանալ այն մարդկանց հետ ում նախկինում ընդամենը բարևել ես։ Դպրոցական տարիքում ամենակարևորը լայն և հավես շրջապատ ունենալն է։ Շրջապատ, ում ներկայությամբ մոռանում ես ամեն բան և լիաթոք ծիծաղում։

Առաջին կանգառն էր՝ Ապարանը։ Բացի ճանապարհից մի փոքր հանգստանալուց նաև ծանոթացանք տեղանքին։ Ապրելով Երևանում ինձ համար տարօրինակ, բայց միևնույն ժամանակ ապշեցուցիչ և շքեղ էին ամբողջ քաղաքը շրջապատող բարձր լեռները։ Կարծես շրջափակված լինեինք լեռնաշղթայով և այդ լեռնային աշխարհի մեջ ևս մի փոքրիկ աշխարհ լիներ։

Ապարանից հետո հաջորդ կանգառը սպասված Թռչկանն էր։ Երբ ավտոբուսով հասանք այն հատվածին, որտեղ ավտոբուսը այլևս առաջ չէր կարող գնալ, տեղափոխվեցինք բեռնատար բացօթյա մեքենա, որն էլ մեզ տեղ հասցրեց։ Գուցե մենակ լինեի և բողոքեի խորդուբորդ ճանապարհից, բայց եղավ հակառակը՝ չէինք ուզում որ հարթվի ճանապարհը։ Հենց նման զվարճալի պահերն ու «անհարմար» իրավիճակներ են ապահովում ճամփորդության համն ու հոտը։ Բացօթյա բեռնատարը թույլ տվեց վայելել ողջ ճանապարհը, զգալ մաքուր օդը, ունկնդրել բնության ձայնը և իհարկե շատ-շատ ծիծաղել։

Թռչկանի ջրվեժին հասնելու համար պետք է անցնեինք գետի մի քանի ափերի միջով։  — «Թրջվեցինք Թռչկանում», մտածում էինք մենք։ Կատարվեց մեր ուզածը։ Այսքան փորձություն հաղթահարելուց հետո, երբ վերջապես հասանք և տեսանք վերևից թափվող ջրվեժը, հասկացանք որ մեր ջանքերը և սպասելիքները արդարացված էին։ Աչքերս էսթետիկ հաճույք ստացան և մի պահ անպատճառ ազատությամբ լցվեց հոգիս։

Տարածքում կային նաև տեղացիներ, ում հետ կատարեցինք կրթական փոխանակում։ Խաղացինք խաղեր և ծանոթացանք։ Վերցրինք կոնտակտային տվյալներ, որպեսզի հաջորդ անգամ արդեն նախապես տեղեկացնենք և մեր նոր ընկերների հետ կրկին լավ ժամանակ անցկացնենք։ Մի խոսք կա՝ խաղ խաղալուց չափից դուրս շատ մարդ չի լինում։ Ինչքան շատ՝ այնքան լավ ու հավես։

Այս ճամփորդությունը հավերժ մնաց հիշողություններումս, որպես՝ ամենալավ օրերից մեկը։ Բացի սպասելիքներիցս ստացա նաև հավելյալ հաճույք անկանխատեսված և չպլանավորված իրողություններից։ Բարձր տրամադրությունը վստահ եմ չի լքելու դեռ շա՜տ երկար ժամանակ, իսկ Թռչկանի ջրվեժն էլ մեզ է սպասելու։ Վերադառնալու եմ քեզ մոտ, Թռչկա՛ն։ Շատ շքեղ ես ընդամենը մի անգամ այցելելու համար․․․

Ֆոտոշար՝

Рубрика: Էկոլոգիա

Էկոլոգիայի տարվա հաշվետվություն

Էկոլոգիա առարկան տասերորդ դասարանում նորություն էր ինձ համար։ Մինչ այդ ուսումնասիրել էի աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա։ Էկոլոգիան այդ առարկաների կապող օղակ դարձավ։ Տարվա սկզբում մեծ ակնկալիքներ չունեի առարկայի վերաբերյալ, քանի որ սպասում էի դասագրքերի թերթերը անգիր անելուն և տերմինների ուսուցմանը, բայց հենց առաջին դասից պարզ դարձավ, որ այստեղ է իմ ինքնաարտահայտման վայրը։ Ես սովորեցի ինքնուրույն լինել, անկախ դասավանդողից։ Ձեռք բերեցի սեփական աղբյուրներ, վերլուծական փորձ, հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություն, բարելավվեցի թարգմանչական հմտություններս։ Էկոլոգիա առարկան դրդեց ինձ մտածել իմ երկիր մոլորակի, աշխարհամասի, մայրցամաքի, երկրի, քաղաքի, համայնքի, շենքի և ամեն ամեն ինչի բնապահպանական խնդիրների մասին։ Պատասխանատվություն ձեռք բերեցի, սովորեցի չբարդել ամեն բան կառավարության և իրենց բացթողումների վրա։

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն

Բնապահպանական աղետներ պատերազմի ընթացքում

Պլաստիկը սպանում է մոլորակը

Օֆշորների դրական և բացասական կողմերը

Երկրաշարժեր

Հրաբուխներ․ հետազոտական աշխատանք

Ջուրը

Համայնքային խնդիրներ

Рубрика: Պատմություն

Չէ, լիդեր չես

Բոլորիս թվում է, լիդերը պարտադիր պետք է ունենա ինչ որ սահմանում, լիդեր կոչվելու համար պետք է ունենաս որոշակի չափորոշիչներ, պարտադիր պետք  է բարձր դասվես, իմանաս՝ որ լիդեր ես։

Լիդեր բառը թարգմանաբար նշանակում է առաջնորդ, բայց ես այդ թարգմանությունը չեմ ընդունում։ Գուցե ինքս եմ ուզում այդպես մտածել, բայց միևնույն է՝ ինձ համար լիդերը ոհմակի առաջից քայլողը չէ։

Իրական լիդերի համար ո՛չ սահմանումներ կան, ո՛չ էլ չափորոշիչներ, լիդերներին ընտրում են, այլ ոչ թե իրենք այդպիսին են ծնվում։

Ցանկացած տիպի շփման մեջ մարդիկ ինքըստինքյան բաժանվում են խբերի ու հոգեբանորեն յուրաքանչյուրին վերաբերվում այլ ձևով։ Մեկին որպես խմբի ամենապատասխանատու, մյուսին՝ կրեատիվ մտքեր առաջարկող, մեկը առաձնանում է իր քաջությամբ և այլն։ Ինչքան էլ մտածենք, որ կարողանում ենք բոլոր կարողություններին հավասար դիտարկել, միևնույն է՝ տարբերություն դնում ենք։ Մարդը շրջապատում լիդեր կարող է դառնալ երկու դեպքում։ Կամ առանձնանում է բոլոր հատկանիշներով և կոպիտ ասած ամեն ինչ իր մոտ բոլորից ավելի հմուտ է ստացվում, կամ էլ շրջապատը իր յուրահատկությունը մնացածից ավելի կարևոր և բարձր են դասում։ Այս ամենից ենթադրում ենք, որ երկու դեպքում էլ շրջապատն է ընտրում լիդերին։

Այստեղ արդեն գալիս է հենց լիդերի տեսանկյունը։ Արդյո՞ք ինչ որ բան է փոխում իր մեջ այն փաստը, որ իրեն լիդեր են համարում, կամ արդյո՞ք պատրադիր էր որ նա հասկանա այդ։ Կարծում եմ, եթե իսկապես նպատակը աջակցությունը կամ օգնությունն է, լիդերը հենց ինքը իրեն լիդեր չի համարում։

Լիդերը գաղափար է, ոչ թե դեր, որը խաղում են։ Ուշադրություն և աջակցություն է, ոչ թե պարտականություն։

Լիդերը պետք է ասի՞ որ լիդեր է, թե՞ ոչ։

Իրականում՝ դրա վրա ուշադրություն դարձնել էլ պետք չէ։ Կասի, չի ասի։ Կարևորը ունենա իր հանդեպ վստահություն և մարդիկ, իր շրջապատը նայեն իրեն որպես վստահելի անձ։

Рубрика: Գրականություն

Ճանճի մահը(վերլուծություն)

Մի խոսք կա՝ երբեք կշեռքի վրա մի դիր վատ կամ լավ արարքներդ։ Այսինչ արարքը ավելի կարևոր էր, այս մեկը ավելի սարսափելի․․․ Միևնույն է գիտակցության խորքում անում ենք այդ ստորաբաժանումները և դասում արարքները՝ կարևորի և անկարևորի։ Մարդը իրեն համակարգված է զգում, բայց միևնույն ժամանակ այդ ճանապարհը տանում է դեպի արհամարհանքի, անտեսվածության․․․ Շարունակաբար սկսում ենք առանձին-առանձին ծաղիկները մի մեծ փնջից ավելի ցածր դասել․․․ Սերմերը ծաղիկներից, ծաղիկներն էլ սերմերից։ Անվերջանալի պարադոքս, որը ստիպում է կրկնել այդ կյանքի փուլը կրկին և կրկին։ Ինքներս մեր շուրջ պատ ենք շարում և ծուղակը քցում, իսկ հետո փորձում մագլցել և դուրս գալ։ Այս փուլերը կյանքում հայտնվում են անընդհատ՝ տարբեր կերպարանքներով։ Մի օր կարող են շրջապատ ներխուժել և ստիպել պատ շարել բոլորին փակելու համար։ Մի օր էլ ինքդ ես սկսում պատ շարել իրենցից առանձնանալու համար։ Թվում է հասկանալու ես քեզ։ Թվում է հիմա ամեն ինչ կդասավորես իր տեղերում։ «Դասավորել»․․․ Արդեն իսկ սխալ է։ Միայնակ մնալիս էլ անգամ, անընդհատ համեմատությունների, ծանր ու թեթև անելու գործընթացի մեջ ենք, ինչն էլ վերածվում է քարի ու համոզում որ իրենով ամուր պատ կկառուցես։

Рубрика: Без рубрики, Գրականություն

Բակունց․ աշխատադարան 2

Ընթերցանության նյութ՝

Խոնարհ աղջիկը

Ալպիական մանուշակ

Աշխատադարան՝

  • Առանձնացնե՛լ քո կարծիքով ստացված համեմատությունները։
  • Դուրս գրի՛ր ամենահաջող նկարագրությունները։
  • Կա՞ն բառեր, որոնք քեզ տպավորեցին, այլ տեքստում դրանց չէիր հանդիպել, եթե կան, դուրս գրի՛ր։

Մի տեքստով՝

  • Առանձնացրու ստեղծագործությունների ասելիքը։
  • Ունեի՞ն նմանություններ։
  • Ի՞նչ մտքեր առաջացրին։
  • Ի՞նչ զգացողություններ փոխանցեցին։

Հեղինակի իմ տեսանկյունից թերություններից եմ համարում այն, որ թույլ չի տալիս մի տրամադրությունից դուրս գալ և ներքաշվել մյուսի մեջ։ Բոլոր պատմվածքները կարծես մի նոտայի վրա լինեն, մեկ ամբողջական տեքստ, որոնք ուղղակի բաանված են։ Իրականում՝ նաև զարմանում հեղինակի հնարամտության վրա։ Զարմանալի է, որ կարողանում է այդքան ամեն ինչը մանրամասն նկարագրել։ Կարողանում է տրամադրություն փոխանցել, բայց՝ միապաղաղ։ Իրոք, կայի մտքեր, գաղափարներ, որոնք հաճույք էին պատճառում։ Ամենաստացված նկարագրություններից եմ համարում այս մեկը՝ «Արտաքինով երկու կանայք նման են, սակայն տարբեր է նրանց կենցաղը: Առաջինը՝ օջախի առաջ նստած, խառնում է կրակը, մյուսը՝ ծովափին, վայելում է ազատությունը…»

Рубрика: Գրականություն

Ակսել Բակունց, Միրհավ։ Աշխատադարան

Բակունցի ստեղծագործությունները դասին հորանջելու առիթ դարձան, քանի որ մեր դարաշրջանի մտածողությունը այն չընդունեց։ Կան ստեղծագործություններ, որոնք չեն հետաքրքրում իրենց սյուժեի առումով, բայց Բակունցը խորթ է մեզ համար, քանի որ ունի անհամար նկարագրություններ։ Ժամանակակից գրականությունը ընդգրկում է իր մեջ ժամանակակից ընթերցողի պահանջները։ Բակունցին կարդալով, չես կարող ասել, թե նա վատ գրող է, ուղղակի մեր հետաքրքրությունը կորել է։ Ինքս գեղեցիկ նկարագրությունների և համեմատությունների սիրահար եմ, ուղղակի կան նկարագրություններ որոնք անիմաստ եմ համարում, օրինակ՝ երեք էջ նվիրել բնության նկարագրությանը և մեկ հակիրճ նախադասությամբ պատմել ողջ սյուժեն։ Նկարագրություններ կային, որ իրոք լցնում են ներաշխարհդ, ստիպում երկար մտածել, հաճույք են պատճառում։ Դրանցից մեկն էր վերջաբանը՝ երբ հեղինակը բացատրում է, թե ինչպես է աղջկան նմանեցնում միրհավին։

Պատմվածքի հիմնական ասելիքը

Եզակի դեպքերից էր, որ հեղինակը ինքը չի ուղղորդում, թե ինչպես մտածել։ Մեղադրել, արդարացնել, հավանել, ատել, ընդունել չընդունել։ Հեղինակը չեզոք է, ուղղակի պատմում է։ Քանի որ բացասական և դրական հերոսներին տարանջատելը կախված է միայն ընթերցողից, ասեմ։ Դավաճանություն՝ ասել է չհարգել սեփական որոշումը։ Մարդը մարմնով չի դավաճանում, այլ միայն հոգով։ Մարդը ուրիշին չի դավաճանում, այլ միայն ինքն իրեն։ Մարդը գաղափարը չի դավաճանում, այլ իր որոշումը։

Рубрика: Էկոլոգիա

Համայնքային խնդիրներ

Հաշվի առնելով Հայաստանի պատերազմական դրությունը որոշեցի անդրադառնալ ամենաքիչ շոշափվող, բայց կարևորագույնս թեմաներից մեկին՝ նկուղներին։ Ավելի կոնկրետ շենքերի և առհասարակ շինությունների համար նախատեսված նկուղներին։ Նկուղները հիմնականում հատկացվում են շինության համար անհրաժեշտ իրերի և արտակարգ դրության ժամանակ պատսպարվելու համար։ Այն շենքը, որտեղ ապրում եմ իր անպատասխանատվությամբ ստիպեց բարձրացնել այս հարցը։ Դեռևս պատերազմական դրության ժամանակ շենքի վերելակի մեջ հինգերորդ-վեցերորդ օրը տեղեկանք փակցրեցին պատսպարանի վերաբերյալ։

Այս տեղեկանքը փաստում է այն մասին, որ շենքը չունի հարմարանք, որտեղ կարող են պատսպարվել բնակիչները։ Այսպիսով իմ և բազմաթիվ այլ շենքերի բնակիչներ ապահով չեն։ 87 համարի մանկապարտեզի վրա հույս դնել չի կարելի, քանի որ այն գտնվում է շենքից բավական հեռու։

Գուցե այդպես էլ չհետաքրքրվեի շենքերի պատսպարաններով, եթե չլինեինք պատերազմական երկիր և չհանգեինք վերջին ամիսներին կատարված իրադարձություններին։ Հիմա հասկանում եմ դրանց կարևորությունն ու ապահովության բարձր մակարդակի արդիությունը։

Խնդրի լուծումը իմ պատկերացմամբ․

Կարծում եմ շենքերի նկուղները վերանորոգման կարիք ունեն և հարկավոր է ընդհամենը մի քանի հարմարություն ստեղծել։ Պետությունը կարող է ապահովել այդ չնչին ծախսը, որովհետև մեծածախ փոփոխությունների կարիք չկա։ Ուղղակի կեղտից, ավելորդ իրերից ազատում և փոքրիկ վերանորոգում։

Վերջերս ինձ բախտ վիճակվեց վերևից տեսնելու Հայաստանը։ Նախկինում ուշադրություն չեմ դարձրել համաչափությանը և տեսարանին, բայց այս անգամ մեծ ուշադրություն դարձրեցի։ Տեսարանը հաճելի էր թվում մինչ Դուբայ հասնելը։ Սիմետրիկ թաղամասերի բաժանումը հիացրեց ինձ։

Հայաստանի տեսարանը իհարկե լիարժեք են դարձնում բարձր սարերը, որոնք կարծես գրկում են Երևանը, բայց միևնույն է նման համաչափությունից հետո շենքերի փլված և կիսաքանդ եղած տանիքները էսթետիկ հաճույք պատճառել չեն կարող․․․

Рубрика: Հասարակագիտություն

Ժբրան Խալիլ Ժբրան․ Մարգարեն․ վերլուծություն

Այս գիրքը կարդալիս դիտարկում էի այն ինչպես՝ ուսուցիչ։ Դուր եկավ գրելու ոճը՝ անդրադառնալ թեմաներին առանձին առանձին, խոսել ինչպես խորհրդատու, ինչպես՝ մեծ։

Ցանկացած գիրք կարդալիս առաջինը նայում եմ տպագրության տարեթիվը, որպեսզի իմ մեջ ձևավորեմ մոտեցումս գրքին։ Տեսա նոր տպագրության տարեթիվը և սկսեցի վերագրել բոլոր հասկացությունները նոր դարաշրջանին, այս մտածելակերպով։

Ինձ ամենաշատը դուր եկան՝ սիրո, ամուսնության և ազատության մասին մարգարեի մտորումները։

Սիրո մասին

Մարգարեն պնդում է, որ պետք է շարժվել միայն զգացմունքներով, հոգևոր միջանցքում պատահած ամեն զգացմունքային պոռթկումի հետևից վազել և կարևորել այն։

Ամեն անմտածված և պահի տակ կայացված որոշման վրա հույս դնելով մարդիկ միայն տուժում են։ Կապ չունի կլինի սիրո, ամուսնության, աշխատանքի թե այլ հարցերում։ Մարդիկ միշտ չէ որ այդ տարատեսակ զգացմունքների մեջ կարողանում են տարբերակել հենց սերը, որպեսզի իմանան ինչի հետևից վազել։

Ամուսնության մասին

Մարգարեն ամուսնության վերաբերյալ ունի իր յուրահատուկ պատկերացումները։ Շատ ճիշտ եմ համարում համեմատություններն ու միմյանց անձնական տարածքի հարգելը։ Խմել նույն բանը, բայց ոչ մի բաժակից, կիսել հացը միմյանց հետ բայց չուտել մեկ ափսեից։ Այսինքն կիսել առօրյան, բայց չդառնալ մեկը մյուսի վրա ծանր բեռ։

Ազատության մասին

Ազատոսւթյունը իրոք մարդիկ սխալ են ընկալում․․․ Մեր սահմանած ազատությունը հենց ամենամեծ կապանքն է․․․ Ոչ թե ուզում ենք ազատ լինել, այլ ուզում ենք ազատ երևալ։ Շրջապատին ցույց տալ, որ անկախ ենք։ Հակառակվում ենք մարդկանց պաշտպանելով մեր իրավունքները, անգամ չուզենալով այդ։ Մեր ձգտումը ազատությունը չէ, այլ ազատ մարդ կոչմանն արժանանալը։

Рубрика: Без рубрики

Իմ երազանքը

Երազելուց առաջ պետք է հասկանալ ինչ է երազանքը։ Ինչպես տարբերակել երազանքն ու նպատակը։ Երազանք կարող է համարվել այն ցանկությունը, որին հասնելու ճանապարհը անգամ չես տեսնում, իսկ երբ ցանկությանդ հեռանկարի գոնե էսքիզը կա, ապա դա՝ նպատակ է։

Իմ ցանկությունը, ինքներդ որոշեք համարել երազանք թե նպատակ։ Ժամանակի մասին եմ երազում։ Ուզում եմ ամեն ինչի համար կարողանալ հատկացնել ավելի շատ ժամանակ։ Լռելու, մտածելու, խոսելու, հասկանալու։ Այս ամենը երկար ժամանակ է պահանջում, կատարյալ լռություն։

Իմ կյանքի ակտիվությունը թույլ չի տալիս վերլսել մարդկանց, իմ հարազատներին։ Ծնողներիս չեմ կարողանում ճանաչել։ Չէ՞ որ մարդիկ բացահայտվում են ամեն օր։ Ես չեմ կարողանում բավական ժամանակ տրամադրել կոնկրետ խնդրի։ Ժամանակը այնքան սուղ է, որ ստիպված թողնում ես կիսատ, իսկ երբ ուզում ես վերադառնալ, խոսելը անիմաստ է լինում, քանի որ խնդիրները կրկնապատկվում են։ Ուզում եմ հաշվի առնեք, որ խոսում եմ հոգևոր արժեքների մասին, խոսում եմ այն մասին, որ ուզում եմ ժամանակա նվիրել իմ սիրելի մարդկանց, ուզում եմ կյանքս նվիրել իրենց հասկանալուն։ Ես ուզում եմ աշխարհի ամենաթանկ և անհասանելի բանը՝ ժամանակ։

Рубрика: Ճամփորդություններ

Հայաստանս եմ ուզում․ Դուբայի հետքերով․ պատում

Վերջին օրերը դասերից բացակայելուս պատճառը Դուբայ այցելությունս էր։ Ինչպես ասում են՝ ինձ մոտ արձակուրդները փոքր ինչ շուտ էին եկել։ Վաղ հասակում էլի էի եղել այստեղ, բայց դա լիակատար այցելություն համարել չեմ կարող՝ քանի որ ոչինչ չեմ հիշում։

Մի փոքր խոսեմ Արաբական մշակույթից։ ՄԱԷ-ն մուսուլմանական երկիր է։ Այստեղ ընդունված է չէ գտնվել փողոցում ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում) կամ արտահայտիչ, բաց հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց)։ Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները գնում է դեպի եվրոպական նորմերին։ Կանայք շրջում են սև հիջաբներով, տղամարդիկ սպիտակ, ազատ, թափվող արտահագուստով։

Այցելության վայրերը դեռ վաղուց մեր պլանների ցուցակում էին։ Ցուցակում առաջիններից էր Դուբայի հսկայական ակվալենդը(մեծ ակվարիում որտեղ լողում են տարատեսակ ձկնատեսակներ)։

Դուբայի կենտրոնական հատվածում, այսպես կոչված՝ հրապարակում է գտնվում աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Բուրջ Խալիֆան։ Լուսանկարները՝ ներքևում։

Դուբայի այցելման համար ամենանշանակալից վայրերից մեկն է՝ Սաֆարիի անապատը։ Սաֆարիում կարելի է հաճույք ստանալ ուղտագնացությունից, (կուադրո) ամենագնացներով շրջգայությունից, ձեռքերի վրա արաբական ոճով մեհենդիից և այլն։

Երկիրը լի է բարձրահարկ և իմ աչքին անսովոր շինություններով, բայց միևնույն է այդ խիտ և արհեստական շենքերը հոգուս խորքում արթնացնում են կարոտը հայերնիքի նկատմամբ։ Ինչպես ասում են՝ քոնը քոնն է մնում․․․