Рубрика: Без рубрики

patmutyun

Աստվածներ

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։

Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է, նշանակում է «հարազատ որդի»), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։

Հայոց հեթանոս աստվածների դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց:

Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։

Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր դիցարան, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը։ Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները։

Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքային գլխավոր կենտրոնը եղել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։

Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Հայր Արա-ի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան։ Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Ծիրանի գոտի անվանումը և այլն։

Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։

Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամին և այլ աստվածություններ։

Հելլենիզմ

Հելլենիստական մշակույթի և նրա ավանդությունների զարգացման մի արտահայտությունն եղավ Աստվածությունների հայկական պանթեոնի համադրումը հելլենականի։ Այսպիս, Արամազդը նույնացվեց Ջևսի կամ Դիոսի հետ, Անահիտը Արտեմիսի, Միկրը և Բարշամինան Հեփեստոսի, Վահանգնը՝ Հերակլեսի, Աստղիկը՝ Ափրոդիտեի, Նանեն՝ Աթենասի, Սիրը՝ Ապոլնի հետ։ Դրսից բերվեցին այդ աստվածությունների արձանները և դրվեցին կայկանկան մեկյաննեերում։ Հելլենական մշակույթի տարածումից հետո հայ հեթանոս աստվածները նույնացվել են հունական համապատասխան աստվածների հետ՝

Հայերեն անվանումը Հունարեն անվանումը
Հայր Արա Զևս
Անահիտ Հերա
Միհր Հելիոս կամ Հեփեստոս
Վահագն Հերակլես կամ Արես
Տիր Ապոլլոն կամ Հերմես
Աստղիկ Աֆրոդիտե
Նանե Աթենաս
Սպանդարամետ Հադես

և այլն՝ պահպանելով, սակայն, իրենց ազգային, պաշտամունքային ինքնատիպ հատկանիշները։ Հեթանոս հայերն իրենց աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, մեհյաններ, նվիրատվություններ արել, կենդանիներ զոհաբերել։ Նրանց անուններով են կոչել հայ հեթանոսական տոմարի ամիսները, օրերը, տեղանուններ, անձնանուններ և այլն։

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում ոչնչացվել են հեթանոս աստվածներին նվիրված արձաններն ու քանդակները, մեհենական արժեքները, ինչպես նաև տաճարները, բագինները. պահպանվել են միայն Անահիտի պղնձաձույլ արձանի գլուխն ու նրա պատկերով մի մեդալիոն, Գառնիի հեթանոսական տաճարը։ Վերջին տարիներին մի շարք հնավայրերի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հեթանոսական մշակույթի նորանոր արժեքներ, հեթանոս աստվածներին նվիրված տարբեր իրեր։

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո հեթանոս աստվածներին նվիրված որոշ սովորույթներին, պաշտամունքային տարրերին քրիստոնեական շունչ է հաղորդվել՝ կապելով Հայ եկեղեցու տարբեր տոների կամ արարողությունների հետ։

Հայկական դիցարանին վերաբերող բացառիկ ու արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Զենոբ Գլակի, Փավստոս Բուզանդի և այլ հայ ու օտար (Հերոդոտոս, Քսենոփոն, Ստրաբոն, Պլուտարքոս և ուրիշներ) պատմիչների ու հեղինակների աշխատություններում։ Հայ ժողովրդի հնագույն հավատքի մասին պատկերացում է տալիս նաև «Սասնա ծռեր» էպոսը։ Հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության առումով մեծ արժեք ունի Հայոց տոմարը։

Բնության հավատալիքներ

Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ պաշտամունքի հետ, հիմնականում նախնիների, երկնային մարմինների պաշտամունքի (արևի, լուսնի) և որոշակի արարածների երկրպագությանը (առյուծների, արծվի, ցուլի)։ Սակայն հիմնական պաշտամունքը եղել է հայկական դիցարանի աստվածների։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Ար (որպես ելակետ), որին հաջորդում էր Վանատուրը։ Հետագայում, շնորհիվ հայ — պարսկական հարաբերությունների ազդեցությանը, Արարիչ աստված դառնում է Արամազդը, իսկ հելլենիստական դարաշրջանի ազդեցությանից, նա նույնացվում է Զևսին։

Տոտեմականություն

Ի լրումն հիմնական՝ արծվի և առյուծի պաշտամունքի, կային այլ սրբազան կենդանիներ.

  • Ցուլ (Երվանդ և Երվազը ծնվել էին կնոջ և ցուլի հարաբերությունից)
  • Եղնիկ (պաշտամունքը կապված էր մայր աստվածուհու և, ավելի ուշ, քրիստոնեական Մայր Աստվածածնի հետ)
  • Արջ (Ժամանակին ջրաղացպան է եղել, բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։)
  • Կատու (Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։)
  • Շուն, օրինակ Արալեզ (Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դրանից հետո աշխարհը հացով է լցվում։)

Սուրբ կաթնասուններ

  • Առյուծ
  • Ձի
  • Ցուլ
  • Ոչխար

Սուրբ թռչուններ

  • Արծիվ
  • Աքաղաղ
  • Ծիծեռնակ (Ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում)
  • Արագիլներ (Իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին՝ աստծուն մատաղ անելու համար։)
  • Կռունկ (Սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։)

Սուրբ բույսեր

  • Սոսի(Տնջրի)
  • Գիհի(կենի)
  • Բեգոնիա(փղականջ)

Տոտեմների շարքն են դասում նաև ձկներին, շնորհիվ վիշապ քարակոթողների։

Շատ առասպելներ նվիրված էին օձերին, նրանց պաշտամունքը, որը հնում տարածված էր ժողովրդի մեջ (հատկապես լորտու, ով համարվում էր հայերի ընկեր)։ Ենթադրվում էր, որ սուրբ օձերը ապրում էին քարանձավներում իրենց պալատներում, իսկ օձերի արքայի գլխին թանկարժեք քար էր կամ ոսկյա եղջյուրներ էր։ Յուրաքանչյուր թագավոր իր բանակն ուներ։

Սարեր

Լեռների ծագումը առասպելներում սովորաբար մարդեղային բնույթ ունի։ Ըստ որոշ առասպելների, լեռները եղբայր-հսկաներ էին։ Ամեն առավոտ նրանք ամուր գոտևորվում էին ու բարի առավոտ մաղթում միմյանց։ Սակայն ժամանակի ընթացքում ծույլանում են վաղ արթնանալ և բարևել միմյանց, նաև չեն էլ ձգում գոտիները։ Աստվածները պատժում են եղբայրներին ու դարձնում նրանց լեռներ, իրենց գոտինեիը վերածում են կանաչ հովիտների, արցունքները՝ աղբյուրների։ Մեկ այլ վարկածով, Մասիս սարը (Արարատ) և Արագածը քույրեր են, իսկ Զագրոս ու Տավրոսը՝ եղջերավոր վիշապներ էին (դրակոններ), որոնք մարտնչում էին իրենք իրենց դեմ։

Տիեզերաբանությունը և երկնային մարմինները

Առասպելներում երկինքը կարծես քաղաքի էր նման, շրջապատված քարե պատերով և պղնձե դարպասներով։ Անհատակ ծովի մոտ, որը բաժանում էր երկինքն ու երկիրը, գտնվում էր դրախտը։

Aquote1.png Երկինքն ու երկիրը ամուսիններ են, երկինքը հայր է, երկիրը՝ մայր։ Երկնքի և երկրի արանքում է գտնվում երկնային ծիրանի ծովը։ Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։ Aquote2.png

Դրախտի դարպասներին կից հոսում էր հրե գետը, որի վրայով էլ ձգված էր կամուրջը մեկ մազե թելիկից։ Դժոխքը գտնվում էր երկրի տակ։ Դժոխքում տանջանք ապրող հոգիները դուրս էին գալիս դժոխքից և բարձրանում կամուրջի վրա, սակայն այն չի դիմանում նրանց մեղքերի ծանրությանը, պատռվում է և հոգիները ընկնում են հրե գետը։ Ըստ մեկ այլ առասպելի, կամուրջը ձգված էր դժոխքի վրայով։ Եվ աշխարհի վերջի ժամանակ, երբ բոլոր մահացածները հարություն կառնեն, յուրաքանչյուրը պետք է անցնի այդ կամուրով. մեղսավորները կընկնեն դժոխք, իսկ արդար մարդիկ կանցնեն դրախտ։

Երկրագունդը, ըստ մի վարկածի, մի ցուլի կոտոշների վրա է տեղավորված։ Երբ նա ցնցում է գլուխը, երկրաշարժ է տեղի ունենում։ Ըստ մեկ այլ վարկածի, երկիրը շրջապատված է մեծամարմին ձկնով՝ Լևիաթանով (Lekeon կամ Leviathan), ով լողում է օվկիանոսում։ Ձուկը ջանում է բռնել իր պոչը, բայց չի կարողանում։ Իր շարժումներից երկրաշարժեր է առաջանում։ Սակայն եթե ձուկը կկարողանա բռնել իր պոչը, ապա դա կբերի աշխարհի ոչնչացմանը։

Aquote1.png Երկիրը հանգչում է եզի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։:Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան1 ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Ուստի նա շարունակ հետամտում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մազաչափ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Aquote2.png

Նշանակալից տեղ են զբաղեցնում աստղային սյուժեները։ Հին ժամանակներում հայերի պաշտոնական կրոնը ներառում էր արևի և լուսնի պաշտամունքը, նրանց արձանները գտնվում էին Արմավիրի տաճարում։ Արևապաշտների՝ Արևորդիների աղանդը Հայաստանում գործում էր նույնիսկ մինչև XII դար։

Սստղերի հետ սերտորեն կապված էր նախնիների պաշտամունքը։ Հայկը՝ աստղե աղեղնաձիգը, նույնացվել է Օրիոնի համաստեղությանը։

Համաձայն Անանիա Շիրակացու հիշատակած մի առասպելի՝ Ծիր կաթինը առաջացել է, երբ հայոց նախնի Վահագնը ձմռան ցրտերի ժամանակ հարդ է գողացել իր ժողովրդին տաքացնելու համար, ճանապարհին հարդը թափթփվել է երկնքում, որից հետո հայոց մեջ այն կոչվել է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճամփա: Մեծ Արջի համաստեղությունը կամ Յոթ սանամոր աստղերը յոթ շատախոս և բամբասող աղջիկ էին, որոնք շարժել էին աստծո զայրույթը, ինչի պարճառով էլ աստվածը փոխակերպում է նրանց աստղերի։ Մեկ այլ վարկածով դրանք յոթ սանամեր են եղել, որոնք ունեցել են մի քավոր։ Յոթից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը, և քավորը մնացել է առանց խնամքի ու քաղցից մեռել։ Դրանից հետո Աստվածը նրանց փոխակերպում է յոթ աստղերի։

Կշիռ համաստեղության աստղերը Հայկ նահապետի զավակներն են՝ երեքը տղա, երեքը աղջիկ, որոնք կոչվում են նաև հայկեր (խեքեր)։

Նաև համոզմունք կար, որ յուրաքանչյուր ոք ունի իր աստղը երկնքում, և եթե այն խամրի, այդ մարդուն վտանգ կսպառնա, նույնիսկ՝ մահ։

Հուր, ջուր և կայծակ

Ըստ հայկական առասպելներին, կրակը և ջուրը եղբայր ու քույր են, բայց քույր-կրակը վիճաբանում է ջուր-եղբոր հետ, և մինչև այժմ նրանք հավերժական թշնամի են։

Aquote1.png Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։ Aquote2.png

Ըստ մեկ այլ ավանդությանը, հուրը ստեղծել էր Սատանան, խփելով երկաթով կայծքարին։ Այս կրակը հետագայում սկսեց օգտագործել ժողովուրդը։

Aquote1.png Աստված զայրանում է սատանայի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։ Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Aquote2.png

Կրակի հետ կապված են նաև հարսանիքների և կնունքների ծեսերը։ Տրնդեզի տոնին, որը քրիստոնեության օրոք վերածվել է մանուկ Հիսուսի տաճարընծակման տոնի, ծիսական խարույկ են վառում, որի շուրջ պարում են ու նորապսակներին թռցնում մարմրող կրակի վրայով այն հավատով, որ չարը կխափանվի ու նորստեղծ ընտանիքը պտղաբեր կլինի։

Համաստեղություններ

Երկնային լուսատուները և համաստեղությունները մարդիկ վաղուց ի վեր դիտում էին իբրև կենդանի էակների և կենդանակերպերի և նրանց իշխանություն էին վերագրում մարդկանց ծնունդի ու մահվան, ուժի ու զորության, բախտի և դժբախտության նկատմամբ։ Եզնիկ Կողբացին, Անանիա Շիրակացին և 5-7-րդ դարերի այլ հեղինակներ պահպանել են որոշ տեղեկություններ հին հայկական հավատալիքների և սնոտիապաշտական ըմբռնումների մասին։ Կախված նրանից, թե երկնակամարում որ կենդանակերպն է երևացել, մարդուն ծնվելիս արդեն վերագրում էին երկար կամ կարճատև կյանք, բախտ կամ դժբախտություն։ Օրինակ, Առյուծը 12 կենդանակերպներից մեկն էր, և «զառեվծէն ասեն՝ թե որ ի նմայն ծնանի, քաջասիրտ և հպարտ կլինի», իսկ Այծեղջյուր կենդանակերպի տակ ծնվի՝ «խոհեմ, գոռոզ և դավաճան լինի» կամ «զցլին ասեն՝ թե ըստ նմանութեան ցլու զորաւոր և անձնեայ է և որ ի նմայն ծնանի»։

Եզնիկ Կողբացին, արտահայտելով դեռևս իր ժամանակ պահանված հավատալիքները, խոսում է այն պատկերացումների մասին, թե վիշապները երկինք էին բարձրանում եզների միջոցով։ Ինչպես տեսնում ենք, եզների և վիշապների շուրջ հյուսված առասպելները, որոնք գալիս էին գնագույն ժամանակներից, տակավին պտտվում էին ժողովրդի մեջ։ Պատկերացում կար նհանգների՝ չար հրեշտակների մասին, որոնք կարող էին հափշտակել կալի բերքը կամ երեխաներին։ Նման առասպելական զրույցների ու հավատալիքների թիվը մեծ էր։ Չկարողանալով ճանաչել բնության ու կյանքի շատ ու շատ երևույթները, մարդը նրանց գերբնական ուժ էր վերագրում կամ համարում էր նման ուժերի գործողությունների արգասիք, ինքն էլ դիմելով իրակեղծ և սնոտի միջոցների օգնությանը։

Դարեր շարունակ մարդիկ մշակել էին բնության և հասարակական կյանքի երևույթները բացատրելու և նրանց ընթացքի վրա «ներգործելու» բազմազան միջոցներ, եղանակներ, հմայական գործողություններ, ծեսեր և արարողություններ, կախարդանքներ, հմայություններ, աղոթքներ և անեծքներ, հարցուկներ և գուշակություններ։ Պաշտամունքի հետ կապված արարողությունները, ծեսերը, կրոնական և կենցաղային հանդեսները, ընդհուպ մինչև ծննդի, հարսանիքի հանդեսներն ու թաղման ծեսերն ուղեկցում էին թատերականացված ներկայացումներով, երգ ու պարով, նվագով։

Հելլենիստական դարաշրջանում երկրի տնտեսության, քաղաքների, արհեստների, գիտության և արվեստի բավականաչափ բուռն զարգացման, հին աշխարհի մշակույթին հաղորդակից լինելու հետ միասին, մեծ առաջադիմություն ունեցան նաև հասարակական միտքը, աշխարհաճանաչողությունը։ Սակայն բնության երևույթների իրական, պարզունակ, մատերիալիտական ըմբռնումների կողքին դեռևս շատ ավելի լայն տարածում ունեին իրակեղծ առասպելաբանական և պաշտամունքային բնույթ ստացած ըմբռնումներն ու պատկերացումները և դրանց վրա հենվող սնոտիապաշտությունը։