Рубрика: Պատմություն

Ֆրասնիական մեծ հեղաոխություն

Կան իրադարձություններ, որոնք մեծ, անջնջելի հետք ու ազդեցություն են թողել համաշխարհային պատմության մեջ: Այդ իրադարձություններից  է 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունը, որով Եվրոպա աշխարհամասը պատմական նոր փուլ մտավ. սկսվեց բուրժուազիայի հաղթարշավը:

Ճիշտ է, Ֆրանսիական հեղափոխությունը նախադեպ ուներ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, բայց սրանք իրենց ծագմամբ, նպատակներով, անցած ճանապարհով ու հետևանքներով  միանգամայն տարբեր էին:

Նախ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, սոցիալական ուղղվածությամբ հանդերձ, նաև ազգային հեղափոխություն  էր. անգլիական բուրժուազիան դաշնակցեց ազնվականության հետ և տապալեց թագավորական միահեծան իշխանությունը: Անգլիայում հաստատվեց ազնվականական-բուրժուական սահմանադրական միապետություն: Երկրորդ` անգլիական հեղափոխությունը տեռորի չվերածվեց, որովհետև շարժիչ ուժը ազգային ազնվականությունն ու բուրժուազիան էին, անգլիացիները գաղափարական ու սոցիալական պայքար էին մղում, մինչդեռ Ֆրանսիայում պայքարը դասակարգային-կլանային բնույթ ուներ: Չնայած քաղաքացիական պատերազմի առկայությանը` անգլիական հեղափոխությունը սեփական ժողովրդի սպանդի չվերածվեց, իսկ Ֆրանսիայում հարյուրհազարավոր մարդիկ գիլիոտինի զոհ դարձան:

XVIII դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:

Սակայն վրա հասավ 1789 թվականի ամառը…

Արտաքին շուքի հետ մեկտեղ երկրում բազում ծանր սոցիալական խնդիրներ կային: Սակայն չի կարելի Ֆրանսիական հեղափոխությունն անվերապահորեն բուրժուական անվանել: Ուղղակի բուրժուական հեղափոխության կարիքը և պահանջարկը չկար: Ֆրանսիան իր տնտեսական զարգացմամբ արդեն իսկ գնում էր կապիտալիզմի ուղիով: Եվ կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը նպաստում էր հենց ֆրանսիական ազնվականությունը, որ իր ողջ կարողությունները, անդրծովյան գաղութներից բերված ողջ միջոցները ներդնում էր երկրում նոր տիպի տնտեսական կարգ հաստատելու համար: